Սադոյանն աղավաղված է ներկայացնում ՀՀ ՔԿ Նախագահի հետ զրույցի բովանդակությունը. ՀՀ ՔԿ
Հանրային լայն շրջանակներին հայտնի Արշակ Սադոյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ կապված 2016 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար իր որդուն մեղադրանք առաջադրելու հետ։
Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն, քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, ուստի ՔԿ-ն ձեռնպահ է մնացել փաստական հանգամանքներին անդրադառնալուց:
Կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «Սադոյանն ակնհայտորեն աղավաղված է ներկայացնում ՀՀ ՔԿ Նախագահի մոտ մասնավոր ընդունելության զրույցի բովանդակությունը, որոնց անդրադառնալ հարկ չենք համարում։
Ընդ որում՝ ասուլիսն ուղեկցվել է հասարակական-քաղաքական գործչին անհարիր՝ վիրավորանք ու զրպարտություն պարունակող, մարդու պատիվն ու արժանապատվությունն արատավորող բառապաշարով, որը թողնում ենք իրեն՝ ըմբռնումով մոտենալով նրա անկշռադատված վարքագծին։ Հարգվելու իրավունք ունի միայն նա, ով հարգում է ուրիշ մարդկանց»: