Ապստամբության իրավունք որևէ միջազգային փաստաթղթում չկա, չկա նաև ՀՀ օրենսդրությամբ. Գևորգ Կոստանյան
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոսելով ՊՊԾ գնդի գրավման մասին, մասնավորապես ասել է, որ միջազգային իրավական փաստաթղթերում ապստամբության իրավունքի մասին որևէ դրույթ չկա:
«Ապստամբության իրավունք որևէ միջազգային փաստաթղթերում չկա, և հատկապես Հայաստանի կողմից վավերացված որևէ միջազգային պայմանագրերում: Հայաստանի օրենսդրությամբ ևս չկա ապստամբելու իրավունք, որովհետև ապստամբելու իրավունքը դասական քաղաքական կամ քաղաքացիական իրավունքի դրսևորում չէ»,-ասել է Գևորգ Կոստանյանն ու հավելել, որ միջազգային միակ փաստաթուղթը, որում խոսվում է ապստամբության մասին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն է, սակայն դրանում ապստամբությունը որպես իրավունք չի դիտարկվում, այլ՝ պարզապես նշվում է որպես հետևանք։