Բրիտանացիների մեծ մասն այսօր կցանկանար ԵՄ-ի անդամակցության օգտին քվեարկել. հարցում
Բրիտանացիների մեծամասնությունը կցանկանար, որ այս տարի արտահերթ ընտրություններ տեղի ունենային և իրենք քվեարկեին ԵՄ-ի անդամակցության օգտին: Այս մասին են վկայում «Evening Standard»-ի համար արված «BMG»-ի հարցումների տվյալները:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով բրիտանացիների 51.9 տոկոսը արտահայտվել է ԵՄ-ից դուրս գալու օգտին: Դրանից անմիջապես հետո Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարականի հայտարարություն արեց, իսկ լեյբորիստները անվտահություն հայտնեցին կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի հանդեպ:
Հարցումների արդյունքում, բրիտանացիների 52 տոկոսը կողմ է արտահայտվել նրան, որ աշնանը վարչապետի ընտրությունից հետո, անցկացվեն նոր համընդհանուր ընտրություններ, 32 տոկոսը դեմ է արտահայտվել դրան:
Հարցին, թե ինչպես նրանք կքվեարկեին, եթե ԵՄ-ի անդամության շուրջ նոր հանրաքվե անցկացվեր, 45 տոկոսը նշել է, որ կքվեարկել ԵՄ-ի անդամ մնալու օգտին, մինչդեռ 40 տոկոսը պնդել է, որ ճիշտը «Brexit»-ն է: 15 տոկոսը հայտարարել է, որ չգիտի կամ չի ցանկանում խոսել:
Հարցվածների 10-ից մեկը հանդես է գալիս նոր հանրաքվեի անցկացման դեմ: Հարցմանը մասնակցել է ավելի քան հազար մարդ: