«Ճանապարհ դեպի Ռիո». Հրաձիգ Հրաչիկ Բաբայան (լուսանկարներ)
Ռիո դե ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը ներկայացնում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը:
Օլիմպիական խաղերում մեր միակ հրաձիգ Հրաչ Բաբայանը ծնունդով Երևանից է և ապրում է մայրաքաղաքում: Ծնվել է 1996 թվականին և այժմ էլ սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Նա պատանեկան Օլիմպիական խաղերի և աշխարհի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր է: Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի ժամանակ Հրաչը սահմանեց Եվրոպայի երիտասարդների ռեկորդ:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Թալիսման չէի ասի, սակայն մեր ֆեդերացիայի նախագահի տված խաչը միշտ հետս է: Այն նվեր եմ ստացել իմ առաջին լուրջ հաղթանակից հետո:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Եթե ճիշտն ասեմ, ապա մեր մարզաձևում հանդիսատեսը մի քիչ այլ ազդեցություն ունի: Որքան քիչ են, այդքան ավելի լավ: Թող գան ինձ հետ, շատ հաճելի է, բայց չնայեն մրցելույթներս, քանի որ աղմուկը խանգարում է:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Առաջին մեծ մարզական իրադարձություն, մեծ երազանք և նպատակ:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Անձնական մարզիչիս՝ Անդրանիկ Այվազյանի հետ:
-Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:
-Գրանցած արդյունքով և հաղթական: