Ով է ԱԱԾ նորանշանակ տնօրենը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեորգի Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, փոխարինելով Գորիկ Հակոբյանին: Գեորգի Կուտոյանը փետրվարի 3-ին, ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Operativ.am-ը մանրամասներ է ներկայացնում ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանի կենսագրականից.
Ծնվել 1981թ. սեպտեմբերի 30-ին՝ Երևանում: Հանդիսանում է առողջապահության ոլորտի լավագույն մասնագետներից մեկի՝ Կարեն Կուտոյանի որդին: Գեորգի Կուտոյանն Արդարադատության առաջին դասի խորհրդական է, տիրապետում է օտար լեզուների. ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:
1998-2000թթ. զինվորական ուսուցում է անցել ՌԴ Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով:
2002թ. գերազանցությամբ ավարտել է ՌԴ Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ-ի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1950թ. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության ազգային իրավական համակարգում (սահմանադրաիրավական հետազոտություն)» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2007թ. ավարտել է ԱՄՆ-ի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան):
2002-2010թթ. դասավանդել է ՀայՌուսական (Սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում:
2005-2006թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ:
2006-2007թթ. աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:
2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:
2011-2016թթ. զբաղեցրել է ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնը:
2011-2014թթ. եղել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. ապրիլի 17-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի: