Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանը
Այսօր առավոտյան կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը:
Հովհաննես Հարությունի Զանազանյան (10 դեկտեմբերի 1946թ., Աթենք, Հունաստանի Թագավորություն), խորհրդային և հայ նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։ Սպորտի վարպետ (1970)։ Միջազգային կարգի սպորտի վարպետ (1972)։
Ֆուտբոլ սկսել է պարապել 1959թ. Երևանի «Սպարտակում», մարզիչ Քաջայր Փոլադյանի մոտ։ 1965թ. տեղափոխվել է Ղափանի «Լեռնագործ», որի կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբի «Բ» դասում և դարձել է թիմի լավագույն ռմբարկու։ 1966թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբի «Ա» դասում։
1966թ. մրցաշրջանի վերջում տեղափոխվել է Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1975թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, ուր մասնակցել է 243 խաղի, խփել 56 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, կրկնակի գավաթակիր։ Թիմի անփոխարինելի ավագն էր։
1976թ. խաղացել է Մոսկվայի «Սպարտակում»։ Կարիերան ավարտել է ՖԻՄԱ և «Ղարաբաղ» թիմերում։
1971-1972թթ. խաղացել է ԽՍՀՄ հավաքականում։ 1972թ. Մյունխենի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
Մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, Հայաստանի Երիտասարդական հավաքականը, «Սպարտակ» և «Բանանց» ակումբները։