Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու` Տիգրան Խաչատրյանի համար, անցած շաբաթ օրը ամենևին էլ բարենպաստ չէր
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու` Տիգրան Խաչատրյանի համար անցած շաբաթ օրը ամենևին էլ բարենպաստ չէր: Այդ օրը ՀՀ քննչական կոմիտեում տեղի էր ունեցել առերեսում Տիգրան Խաչատրյանի և Սդղլի գյոլ կոչվող տարածքի ծեծի գործով տուժող, մի աչքի տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանի միջև, որից հետո որոշվեց Տիգրանին ձերբակալել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տուժողը պնդել է, որ Խաչատրյանն անձամբ է իրեն դաժան ծեծի ենթարկել:
Իսկ Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, թե իբր ինքը կռվին չի մասնակցել և երբ դեպքի վայր է հասել, արդեն բոլորը ծեծված են եղել: Երեկ արդեն Տ. Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը:
Ի դեպ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը երեկ ժամեր շարունակ չէր կարողանում հրապարակել որոշումը՝ կալանավորո՞ւմ է Տիգրան Խաչատրյանին, թե՞ ոչ: Քանի որ Սերժ Սարգսյանը երկրում չէր, նա, թերևս, չէր կարողանում համապատասխան միջնորդների միջոցով ճշգրտումներ կատարել՝ հրապարակվելիք որոշման մասով: Երեկ՝ կեսգիշերին մոտ, Ստեփանյանը հայտարարեց, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց են ընտրում կալանավորումը»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: