Ի՞նչ որոշում կկայացնի ԵՊՀ-ի ռեկտորը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթը կանցկացվի այս տարվա հունիսի 19-ին:
Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին հանձնարարվել է ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով սահմանված կարգով և ժամկետներում ապահովել մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակման, թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը:
«Ժողովուրդը» ԵՊՀ-ի գործող ռեկտոր Արամ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ նա մտադի՞ր է իր թեկնածությունն առաջադրել, թե՞ ոչ: «Երբ կլինի պաշտոնական հայտարարություն, այն ժամանակ Դուք կիմանաք իմ որոշման մասին»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին այցելել էր Երևանի պետական համալսարան և մասնակցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ 2015 թվականի անդրանիկ նիստին: Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: