Արսեն Ավակովը՝ Ուկրաինայում կոնֆլիկտի կարգավորման մասին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ զենքը չի կարող կարգավորել երկրի արևելքում կոնֆլիկտը: Այս մասին գրում է Vzglyad.ru-ն:
«Դոնբասում ճգնաժամի ռազմական լուծում չի կարող լինել: Պատասխանը պետք է ոչ ավանդական լինի: Մենք փորձ ունեցանք Բալկաններում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, սակայն նման յուրահատկություն չի եղել»,-հայտարարել է Ավակովը:
Բացի այդ, Ուկրաինայի ՆԳ նախարարը դիմել է Եվրոպային և ԱՄՆ-ին. «Ես, որպես քաղաքացի, պահանջում եմ մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերներին հստակ դիրքորոշում ունենալ տվյալ կոնֆլիկտի հարցում, քանի որ ոչ հստակ դիրքորոշումը սադրում է ագրեսորին»:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ուկրաինայում կոնֆլիկտն անհնար է լուծել ռազմական միջոցով և կոչ արել վերադառնալ կոնֆլիկտի դիվանագիտական կարգավորմանը: