Հայոց վերջին թագավորը
Լենկթեմուրյան մղձավանջից հետո Հայաստանում իշխում էր կարա-կոյունլու թուրքմենական ցեղը: Կարա-կոյունլու տիրակալ Ջհանշահը համեմատաբար մեղմ քաղաքականություն էր վարում հայերի նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել երկրի ավերված տնտեսությունը։ Նրա թույլտվությամբ 1441-ին Հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայի Սիս քաղաքից փոխադրվեց Էջմիածին։ Նա անգամ ընդառաջում է Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Աղթամարցու խնդրանքին՝ վերականգնելու Վասպուրականի թագավորությունը։
Զաքարիան սերում էր Արծրունիների թագավորական ընտանիքից՝ «Գագիկ Արծրունի մեծ թագավորի արմատից ու ցեղից»։ Նա Հայոց թագավորի թեկնածու է առաջարկում իր եղբորորդուն եւ ստանալով Ջհանշահի համաձայնությունը՝ 1465թ. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Սմբատ Արծրունուն օծում է Հայոց թագավոր։ «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։
Սմբատին չհաջողվեց ստեղծել համահայկական թագավորություն: Նրա իշխանությունը տարածվում էր Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա որոշ տարածքների վրա։ Կարա-կոյունլուներին պարտության մատնելուց հետո՝ ակ-կոյունլուները 1468-ին վերացրին նաեւ Սմբատի թագավորությունը:
Հայե'ր, գիտե՞ք, որ.ֆեյսբուք