Կովկասյան պարսիկները գործածում են տարբեր ինքնանվանումներ
Դեռևս 20-րդ դարասկզբից ի վեր և հատկապես «ազգերի խոշորացման» խորհրդային հայտնի ուղեգծի, իսկ ավելի ուշ Բաքվի բռնապետական վարչակարգի վարած ձուլման բիրտ քաղաքականության շրջանակներում թերևս ամենաշատը տուժած կովկասյան պարսիկների (թաթերի) էթնիկական ինքնության նորովի բյուրեղացման գործընթացը ակնհայտորեն թևակոխել է կարևոր շրջափուլ: Շիրվանի ողջ տարածքում երբեմնի պրեստիժային պարսկական ինքնության ծրագրված և միտումնավոր ապամոնտաժման արդյունքում ներկայում կովկասյան պարսիկները տարբեր վայրերում որպես սեփական էթնիկական նշանակյալ գործածում են տարբեր ինքնանվանումներ՝ փարսի (հանգում է միջին իրանական «պարսիկ» ձևին), թաթ (թյուրքալեզուների կողմից տրված սկզբնապես սոցիալական բնորոշիչ էր՝ «հողագործ, նստակյաց» իմաստով), դաղլի (թյուրքական նշանակյալ է՝ «լեռնցի» իմաստով), լոհիժ (թաթաբնակ ամենահայտնի ավաններից մեկի՝ Լահիջի բնակչության ինքնանվանումն է), ինչն անկասկած դժվարացնում է այս ժողովրդի ազգային վերահամախմբման գործընթացը՝ նաև դուռ բացելով Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից էթնիակական տիրույթում զանազան քայքայիչ մեքենայությունների:
Մասնավորապես, կովկասյան պարսիկների «դաղլի» անվանումով հայտնի հատվածի կապակցությամբ Բաքվի քարոզչամեքենայի կողմից վերջերս ակտիվ շրջանառության մեջ է դրվում ժամանակին Թուրքիայում քրդերի կապակցությամբ արդեն իսկ կիրառված այն անհեթեթ թեզը, թե իբր «դաղլիները», չնայած պարսկալեզվությանը, «լեռնային թյուրքեր» են և որևէ կապ չունեն շիրվանյան պարսիկների հետ:
Կովկասյան պարսիկներին իրենց հերթին, վերաձևակերպելով Բաքվի վարչակարգի կողմից թուրքերի և ադրբեջանցիների՝ իբր միասնական ազգի վերաբերյալ ստեղծված «մեկ ազգ, երկու պետություն» (ադրբ.՝ «Բիր միլլաթ, իքի դովլաթ») հայտնի կեղծ քարոզչական կաղապարը, սրամտորեն շրջանառում են «Փարսի, թաթ, դաղլի, լոհիժ՝ չորս անուն, մեկ ազգ» (կովկ. պարսկ.՝ «Փարսի, թաթ, դաղլի, լոհիժ՝ չարթա նում, յեթա միլլաթ մուն») կարգախոսը:
Վարդան Ոսկանյան. ֆեյսբուք: