Բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞ւմ որդիներն է ծառայում բանակում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀպաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ամփոփեց 2014-ի կատարած աշխատանքները: Խոսելով 2014թ. նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի գործով սկսված ծառայողական քննության մասին՝ նախարարն ասաց. «Խոցված ուղղաթիռի հետ կապված անցկացվել է ծառայողական քննություն, համապատասխան մարդիկ տույժեր են ստացել, պաշտոններից են ազատվել:
Այստեղ չափից ավելի մեղքը ոչ թե ուղղաթիռի անձնակազմինն է, որոնք ուսումնավարժական պլանային թռիչք են կատարել փոքր շեղումով, այլ հակառակորդինը, որը խոցել է այն»: Նախարարի հավաստիացմամբ՝ հայկական զինուժում այդ առումով եղել են պաշտոնանկություններ:
Լրագրողները պաշտպանության նախարարից հետաքրքրվեցին, թե հաշվի առնելով սահմանային իրավիճակը՝ արդյո՞ք չի հասունացել ժամանակը պաշտոնապես դիմելու ՀԱՊԿ-ին` ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու համար, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ձևավորվել է համապատասխան աշխատանքային ալգորիթմ, և դրա շրջանակներում նախ` ՀԱՊԿ-ին դիմելու հարցը պետք է քննարկվի Կառավարությունում, այնուհետև` անվտանգության խորհրդում, որը պետք է խորհուրդ տա պաշտպանության նախարարությանը` դիմե՞լ, թե՞ չդիմել ՀԱՊԿ-ին:
«Կարծում եմ` վերջին տարիներին ՀՀ ԶՈՒ կայացման ողջ ընթացքը ապացուցել է, որ հայկական բանակն անընդհատ հզորացող ու զարգացող զինուժ է, և չեմ կարծում, թե այս լարվածության փոքր ձևերը կարող են մեզ ստիպել դիմել ՀԱՊԿ-ին: Այդ դեպքում ո՞րն է հայկական բանակի դերը, առաքելությունը, եթե այդ փոքր խնդիրների դեպքում չի կարողանալու չեզոքացնել վտանգը: Մենք մեր առջև դրված խնդիրները լիարժեք կարողանում ենք իրականացնել»:
Հարցին, թե ՌԴ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինի հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը բարձրացրե՞լ է Գյումրիի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին Հայաստանին հանձնելու հարցը, նախարարն ասաց, որ այդ հանդիպման ընթացքում նման հարց չի եղել. «ՌԴ պաշտպանության նախարարի և փոխնախարարի հետ հանդիպումների ընթացքում իրենք ևս դատապարտել են այդ երևույթը, և կարծում եմ, որ իրավական աշխատանքն այդ պատասխանը կտա, որը կբավարարի հասարակությանը»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասուլիսի վերջում «Ժողովուրդ»-ի հետ առանձին զրույցում անդրադարձավ նաև բարձրաստիճան պաշտոնյաների որդիների բանակ զորակոչվելու այսօրէական խնդրին:
-Պարո՛ն նախարար, հաճախ են խոսում բանակի բարոյահոգեբանական վիճակի փոփոխության անհրաժեշտության մասին: Այս իրավիճակում անհրաժեշտ չե՞ք համարում սկսել մի գործընթաց, որպեսզի մոտ 50 հազար բարձրաստիճան պաշտոնյաների զավակները մի կողմ դնեն այս կամ այն պատճառով ձևակերպված տարկետումները և զորակոչվեն բանակ:
-Նախկինում տրված տարկետումները փոխելու համար պետք է իրավական գնահատականներ տրվեն: Այսօր գտնում եմ, որ նորից անդրադառնալ 20-25 տարիների գործունեությանը՝ իմ գործը չէ: Ես այսօր եմ ապահովում բանակի բարոյահոգեբանական ոգին, մարտական ոգին և գտնում եմ, որ քիչ արդյունքների չենք հասել:
-Պարո՛ն նախարար, կարո՞ղ եք տալ մի բարձրաստիճան պաշտոնյայի անուն, որի որդին այսօր սահման է պահում: Ձեր որդու մասին չէ խոսքը. նա և մի շարք բարձրաստիճան զինվորականների զավակներ ծառայում են բանակում: Կցանկանայի իմանալ մի պատգամավորի, նախարարի, փոխնախարարի, մարզպետի որդու անուն, որն այսօր ՀՀ սահմանին է և պաշտպանում է մեր հայրենիքը:
-Հիմա կոնկրետ անուններ չեմ ուզում տալ, բայց վերջին տարիներին մեր որդեգրած քաղաքականության շնորհիվ, ըստ զորամասերի, հավասարաչափ բաշխում է գնում վիճակահանության շնորհիվ:
-Անուններ չեք տալիս, բայց չեք կարծում, որ պետք է սկսել մի գործընթաց, որպեսզի պատգամավորների, նախարարների, փոխնախարարների որդիները նույնպես գնան անապահով ընտանիքի ներկայացուցիչների հետ սահման պահեն:
-Գիտեք՝ ես բանակից կարող եմ ասել, որ գլխավոր շտաբի պետի որդիները ծառայում են առաջին գծում, փոխնախարար Միրզաբեկյանի որդին ծառայում է, իմ որդիները ծառայում են:
-Դա բոլորին է հայտնի, խոսքը պատգամավորների, նախարարների որդիների՝ սահմանը պահելու մասին է:
-Ներկա պահին չեմ հիշում, չգիտեմ:
-Պարո՛ն Օհանյան, 2015թ. հունվարի 1-ից սկսած սահմանին իրավիճակը լարված է: Դուք հայտարարեցիք, որ 7 զոհ ենք ունեցել: Այս օրերին հայ գործարարներց ինչ աջակցություն է ստացել ՊՆ-ն՝ դրամի, տեխնիկայի կամ այլ առաջարկի տեսքով:
-Այսօր բանակն ինքն ի վիճակի է պետական ռեսուրսների հաշվին իրականացնել իր առջև դրված խնդիրները: Բայց շատ գործարարներ են եղել, որոնք աջակցել են զոհված ազատամարտիկների, զոհված զինվորների ընտանիքի անդամներին, ինչպես նաև՝ զինծառայողներին իրենց գործունեության համար»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: