«The Guardian». Հենրիխ Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստների 100-յակում է
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական «The Guardian» պարբերականի վարկածով ընդգրկվել է 2014 թվականի աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում: 25-ամյա ֆուտբոլիստը 85-րդ հորիզոնականում է:
Հեղինակավոր լրատվամիջոցը Հենրիխ Մխիթարյանի խաղի վերաբերյալ գրում է հետևյալը.
«Հիանալի տարուն հաջորդեց անհաջող մրցաշրջանը, սակայն, երբ Մխիթարյանը լավ մարզավիճակում է, նրան հետևելը շատ հետաքրքիր է: Նա մասնագիտացել է ազատ գոտիներ գտնելու մեջ, գնդակը լավ հասցնում է մրցակցի տուգանային հրապարակ, դիպուկ է, ունի հարվածների ու փոխանցումների յուրօրինակ ոճ: Այդուհանդերձ, Մխիթարյանին այդքան արժեքավոր դարձրեց գոլ խփելու կարողությունը, որը վերջին շրջանում չկա: Վերջերս Յուրգեն Կլոպը Մխիթարյանին խաղացնում է ավելի խորքից, սակայն «Բորուսսիայի» վերջին 17 խաղերում նրա գոլերը և գոլային փոխանցումները բացակայում են»:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ ապաքինվում է վնասվածքից, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Գերմանիայի առաջնության 12 խաղի, Գերմանիայի գավաթի խաղարկության 2 հանդիպման, իսկ Չեմպիոնների լիգայում խաղադաշտ է դուրս եկել 5 անգամ: Այս խաղերի ընթացքում Մխիթարյանին հաջողվել է խփել 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:
Հավելենք, որ «The Guardian»-ը առայժմ հրապարակել է 71-100 հորիզոնականները զբաղեցրած ֆուտոլիստների անունները, իսկ մինչև Ամանոր կներկայացնի մյուս ֆուտբոլիստներին: