Վերելակների գծով մասնագետների մեծ պահանջարկ կա, բայց ուսուցանող համապատասխան կառույց չկա. Անահիտ Բախշյան
«Միայն զենքով կա հայի փրկություն» հետևյալ խոսքերով այսօր լրագրողների հետ իր հանդիպումը սկսեց «Կրթության ազգային ինստիտուտ»-ի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
«Այս զենքը մի դեպքում բանակի ձեռքում եղած զենքն է, իմ պարագայում կրթությունն է, իսկ մշակութային գործիչների ձեռքում մշակույթն է: Բոլոր ոլորտի ներկայացուցիչները պարտավոր են իրենց ունեցած զենքերով պահել, պահպանել մեր երկիրն ու պետությունը: Առաջին հերթին դա պարտավոր են անել իշխանությունները, բյուջեն գրողներն ու մատակարարողները, բոլոր այն օլիգարխները, ովքեր բյուջեի նկատմամբ իրենց պարտավորությունները չեն կատարում:
Տիկին Բախշյանը նշեց, որ ներկայումս մեծ պահանջարկ ունեցող մի շարք մասնագիտություններ կան, մինչդեռ չկան այնպիսի ուսումնարաններ, որոնցում այդ մասնագիտությունը կդասավանդվի:
«Ներկայում Հանրապետությունում վերելակների գծով մասնագետների մեծ պահանջարկ կա, բայց ուսուցանող համապատասխան կառույց չկա: Ներկայումս մենք մի շարք արհեստավորների պահանջարկ ունենք, բայց նաև համապատասխան միջոցներ չունենք»,-նշեց բանախոսը` հավելելով, որ բյուջեն չի նախատեսում ֆինանսական միջոցներ տրամադրել նման ուսումնարաններին:
Անդրադառնալով արհեստագործական ուսումնարանների խնդիրներին՝ բանախոսը նշեց, որ նախ սրանք պետք է համալրվեն արհեստանոցներով, նորագույն տեխնոլոգիաներով, համապատասխան սարքավորումներով և գործիքներով, մինչդեռ այս տարի ի տարբերություն նախորդի՝ բյուջեն կրճատել է այն 10 միլոն դրամը, որը տրամադրվում էր ուսումնարանների համալրման համար:
Վարդուհի Ստեփանյան