Մաշկային հիվանդությունների առաջացման պատճառներն ու դրանց հարուցիչները. պարզաբանում է մաշկաբանը
Մաշկային շատ հիվանդություններ սեզոնային արտահայտվածություն ունեն: Դրանք հիմնականում սրվում են աշուն-ձմեռ անցումային շրջանում: Կան հիվանդություններ, որոնք ցածր ջերմաստիճանի դեպքում են առաջանում: Դրանցից հատկապես արտահայտված են ձեռքերի ցրտահարումները: Սրա պատճառն այն է, որ մենք չնայած եղանակի փոփոխությանը՝ սառը ջրով ենք լվացվում, ինչպես և ամառը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը:
«Մաշկային հիվանդությունների գլխավոր երեք պատճառ կարող ենք առանձնացնել. Հայաստանում եղանակային կտրուկ փոփոխություն է լինում ամառ-աշուն եղանակին, որը մաշկային հիվանդությունների է հանգեցնում: Դրանց առաջացման պատճառ է դառնում նաև մեր սննդակարգի փոփոխությունը և նոր տարվա գործոնը: Անոթները նեղանում են և տարբեր տեսակի փոփոխություններ են զարգանում: Մարդիկ, ովքեր ունեցել են ցրտահարություն, իրենց մաշկով զգում են ջերմաստիճանի փոփոխությունները, որովհետև այն ցավ ու քոր է առաջացնում մաշկում»,-նշեց բանախոսը:
Անդրադառնալով նոր տարվան ակնկալվող հիվանդություններին՝ բանախոսը նշեց, որ Ամանորին անահասկանալի մեծ քանակությամբ չհսկվող սնունդը բերում է մի շարք հիվանդություններ և տոնական օրերից հետո ակնկալվում է հիվանդների հոսք: Ինչ վերաբերում մաշկային հիվանդություններին, ապա մաշկաբանը նկատեց, որ ձմռանը մենք քիչ վիտամիններ ենք ստանում, փոխվում է նաև մեր օգտագործած միրգը՝ դառնալով միատեսակ:
«Մենք օգտագործում ենք ցիտրուսային մրգեր և չափն անցնելու դեպքում մաշկի վրա ցան է դուրս տալիս: Թեև ցիտրուսը վիտամին C է պարունակում, բայց դրա հետ մեկտեղ շատ են գրանցվում ալերգետիկ ռեակցիաներ»,-նշեց մաշկաբանը՝ հավելելով, որ այս ամենից խուսափելու լավագույն միջոցը ցիրտրուսի չափավոր օգտագործումն ու ցանի դեպքում բժշկի դիմելն է:
Վարդուհի Ստեփանյան