Եռյակը զբաղեցնում է ժողովրդին
«168 Ժամ» թերթը գրում է. «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման ազգային կենտրոն» հ/կ նախագահ Անդրանիկ Քոչարյանը տևական ժամանակ եղել է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչը և այդ շրջապատից դուրս եկավ Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո, որի միջոցով Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին հրավիրեց դառնալ ընդդիմադիր դաշտի լիդերը և ղեկավարել համաժողովրդական շարժումը:
Տեր-Պետրոսյանը համարում է, որ իր քաղաքագիտական վերլուծությունն արդարացվել է, քանի որ Ծառուկյանը, ի վերջո, բարձրացավ Ազատության հրապարակի հարթակ և նույնիսկ խոսեց իշխանափոխության մասին: Սակայն Անդրանիկ Քոչարյանը, ով ի սկզբանե քննադատել է քաղաքագիտական վերլուծությունը, այժմ էլ համարում է, որ Ազատության հրապարակում և քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները տեղավորվում են իշխանության սցենարի մեջ:
Թերթի թղթակցի հետ զրույցում նա ասել է. «Եռյակը զբաղեցնում է ժողովրդին մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ: Իշխանության համար սա իդեալական վիճակ է. կա իշխանություն, և կա նրա դեմ պայքարի իմիտացիա անող եռյակ. և նրանք շահագրգռված են այս վիճակը ձգել մինչև հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Եվ իշխանությունների համար ցանկալի է, որ հերթական ընտրությունների ժամանակ իրենց դեմ հանդես գա այս մաշված և անորոշությունների մեջ խարխափող քաղաքական ուժերի դաշինքը»:
Առավել մանրամասն՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: