Մի էջ արցախյան ազատամարտի հերոսապատումից
Վաշտի հրամանատար Վիտոյի ուղեկցությամբ Պետոն գալիս է գումարտակի աջ թևը և տեղում` ևս մեկ անգամ քննարկելով ստեղծված կացությունը՝ վճռում է կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և դիմադրել մինչև օգնական ուժերի տեղ հասնելը: Քանի որ 3-րդ և 4-րդ հենակետերը բավական առաջ էին ընկած, և գործնականում գրեթե անհնարին էր իրականացնել դրանց պաշտպանությունը, ուստի Պետոն հրամայում է այդ հենակետերում դիրքավորված ջոկատներին մի փոքր հետ քաշվել և քառասունհինգ աստիճանով շրջվելով դեպի աջ կողմի բաց տարածքից առաջացող հակառակորդը՝ Մուկուչի և Հովիկի դասակների համագործակցությամբ կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը: Այդ իրավիճակում շատ կարևոր էր, որ հենակետերի հետքաշումը կազմակերպվեր այնպիսի վարպետությամբ, որպեսզի տեղի չտրվեր ավելորդ շտապողականության ու խուճապի: Մեծ հմտությամբ կազմակերպված նահանջը տևում է ընդամենը երկու ժամ: