Արժե՞ արդյոք գնել մանկական քայլակ
րեխաների մեծ մասն արդեն իսկ առաջին ամիսներից հետաքրքրվում է շրջակա միջավայրով: Զարգացմանը զուգահեռ նրանք ավելի ու ավելի շատ տեղեկատվության կարիք են ունենում: Եվ դա այն ժամանակն է, երբ հարց է ծագում՝ արդյո՞ք պետք է գնել մանկական քայլակ, թե՞ ոչ: Մանկական քայլակը մի հարմարանք է, որը թույլ է տալիս երեխային ինքնուրույն տեղաշարժվել տան մեջ և ծանոթանալ նոր առարկաների հետ' ուսումնասիրելով շրջակա միջավայրը:
Այս հարցի շուրջ շատ քննարկումներ են եղել և բնական է, որ համապատասխան մասնագետների մի մասը կողմ է, իսկ մյուս մասը' ոչ:
Առաջին հայացքից այն շատ օգտակար հարմարանք է:
Մանկական քայլակն, իրոք, թեթևացնում է ծնողների կյանքը' ազատելով նրանց մի որոշ ժամանակ երեխային իրենց ուշադրության կենտրոնում պահելուց: Երեխան մանկական քայլակի մեջ գտնվում է ուղղահայաց դիրքում, որը նրան հնարավորություն է տալիս ուսումնասիրել ամեն ինչ տանը' թույլ տալով նրան տեղաշարժվել սենյակից սենյակ, միառժամանակ պաշտպանելով նրան մի շարք վտանգավոր իրերի հասանելիությունից:
Կա ձևավորված կարծիք այն մասին, որ մանկական քայլակն օգնում է երեխայի կեցվածքի ձևավորմանը: Ընդհակառակը' այն դանդաղեցնում է երեխայի զարգացումը: Դրանց օգնությամբ երեխան չի սովորում քայլել, քանի որ դրա կարիքը չկա. չէ՞ որ անիվներով հարմարանքը երեխային տանում է այնտեղ, որտեղ նա ցանկանում է: Երկրորդը' քայլակի շրջանակին հենվելով, երեխայի մոտ ավելի դժվար է ձևավորվում հավասարակշռության պահպանումը: Ոչ պակաս կարևոր է այն, որ երեխան, պաշտպանված լինելով կողքերից, չի կարող ձևավորել ընկնելու պաշտպանական ռեֆլեքսը: Այս ամենից կարելի է ենթադրել, որ երբ երեխան սկսի ինքնուրույն քայլել և բացահայտել աշխարհը, ապա այդ շրջանը կլինի ոչ այնքան ապահով և հաճելի:
Այս ամենից զատ, շատ կարևոր է իմանալ, որ քայլակի մեջ երեխան անհավասարաչափ է բաշխում իր ծանրությունը, ինչը հանգեցնում է ողնաշարի և ոտնաթաթերի դեֆորմացիաների: Բացի այդ, անընդհատ հենվելով շրջանակին, փոքրիկը սկսում է քայլել թաթերի վրա: Մի սովորություն, որից երեխան հետագայում դժվարությամբ է ձերբազատվում:
Ինչպես արդեն նշվել է վերը, քայլակով քայլելիս երեխան գտնվում է ուղղահայաց դիրքում, ինչը նրան հնարավորություն է տալիս բացահայտել աշխարհը, սակայն այն ունի իր հակափաստարկը, այն է' մինչև քայլել սովորելը երեխան պետք է չորեքթաթ սողա, ինչը, բացի ողնաշարի ձևավորմանը նպաստելուց, նաև օգնում է կապ հաստատել գլխուղեղի երկու կիսագնդերի միջև' նպաստելով մտավոր կարողության զարգացմանը: Եթե այս փուլը լինում է կարճ կամ ոչ բավարար, ապա ավելի ուշ տարիքում երեխան ունենում է խնդիրներ հաշվելու, կարդալու, տրամաբանության և հիշողության հետ: Կարծում ենք, որ առավել քան ակնհայտ է, որ վերը նշված խնդիրներն առավել դժվար լուծելի են և հետագայում կարող է պահանջվել փորձառու մասնագետների միջամտությունը:
Եթե ծնողն, այնուամենայնիվ, գտնում է, որ իր երեխան պետք է ունենա քայլակ, ապա խորհուրդ է տրվում այն օգտագործել օրական 30 րոպե, այն էլ' մեծահասակի հսկողությամբ: