Ինչու՞ լուծարվեց «Ռադիո Հայի»-ի պայմանագիրը. Operativ.am-ին պարզաբանում է Անդրիաս Ղուկասյանը
Operativ.am-ի թղթակիցը այցելեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` զրուցելու համար այն փաստի առնչությամբ, որ փետրվարի 1-ից դադարեցվելու է «Ռուսաստանի ձայնը» ռադիոկայանի ծրագրերի վերահեռարձակումը «Ռադիո Հայի» եթերում, հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահն է:
«Իմ կարծիքով ՌԴ-ը դրանով միջամտում է Հայաստանում ընտրական գործընթացներին` ըստ երևույթին մյուս թեկնածուի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, դրանով ՌԴ-ն ապացուցեց, որ ինքը աջակցում է Սերժ Սարգսյանին: Իրենք իրավունք չունեին պայմանագիրը խզելու, եթե ցանկանային խզել, պիտի նախապես`մեկ ամիս առաջ տեղեկացնեին և ունենային դրա համար օբյեկտիվ պատճառներ: Պայմանագրի այդ խախտումը մեզ թույլ է տալիս հաշվարկել մեր վնասները և պահանջել վնասների հատուցումը, «Ռուսաստանի ձայնը» գործում է օվշորային ընկերությունների միջոցով, եթե մեր փոխհատուցումը չստանանք, դիմելու ենք Բրիտանիայի դատարան` դատական կարգով այդ խնդրին լուծում տանք»,-նշեց Ղուկասյանը:
Նույնիսկ այս հանգամանքներում թեկնածուն հաստատակամ է. նա չի դադարեցնի իր հացադուլը:
Ղուկասյանի խոսքով` այդ համագործակցության ընդհատումն ազդում է ռադիոյի աշխատանքների և եկամուտների վրա, բայց ոչ մի կերպ իր քաղաքականության վրա:
-«Ռադիո Հայը» չի մասնակցել ընտրարշավում, որևէ գովազդ և քարոզչություն չի իրականացվել, ուստի մեր ռուսական պարտնյորները օբյեկտիվ որևէ հիմք չունեին նման քայլ անելու, ես էլ ֆորմալ առումով սեփականատեր չեմ,-հաստատեց նախագահի թեկնածուն:
-Եթե ընտրությունները լինեն շինծու, այլ ոչ թե դժգոհ լինեմ արդյունքերից, շարունակելու եմ հացադուլը, ընտրակաշառք բաժանած կուսակցության մասնակցությունը ընտրություններում, բացառում է արդար ընտրությունները, բնականաբար ես չեմ ճանաչի այդ ընտրությունները,- եզրափակեց իր խոսքը Անդրիաս Ղուկասյանը: