Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր
Ապրիլի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Վարազդատ Սարգսյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 68-ամյա Ավետիկ Գևորգյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 06-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Արմեն Շամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից Ա․ Գևորգյանը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։