Բայդենը կորցնում է երիտասարդության աջակցությունը՝ Գազայի հատվածում հրադադարի հաստատման կողմնակից չլինելու պատճառով. WP
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ժողովրդականությունը երիտասարդ ընտրողների շրջանում նվազում է Գազայի հատվածում հրադադարի հաստատման կողմնակից չլինելու պատճառով: Այս գնահատականը տրված է The Washington Post-ում հրապարակված հոդվածում։
Ինչպես նշում է հրատարակությունը, «Մերձավոր Արևելքում զոհերի թվի աճի լույսի ներքո որոշ երիտասարդ ընտրողներ հիասթափվում են այն բանից, թե ինչպես է նախագահ Բայդենն արձագանքում [իրադարձություններին] և մտածում են քվեարկել երրորդ կողմի թեկնածուի օգտին (այսինքն՝ ոչ դեմոկրատական կամ հանրապետականի օգտին) կամ ընդհանրապես չքվեարկել։ Թերթի լրագրողները զրուցել են ուսանողների հետ և եզրակացրել, որ «Պատերազմի վերաբերյալ Բայդենի դիրքորոշումը սպառնում է նվազեցնել նրա աջակցությունը երիտասարդ ընտրողների շրջանում՝ 2024 թվականի ընտրություններից առաջ»։ Ինչպես պարզաբանվել է, բանն այն է, որ Բայդենը միանշանակ չի աջակցել Գազայի հատվածում կրակի ամբողջական դադարեցմանը։
Հրապարակումն ընդգծում է, որ «Բայդենի տարիքի հետ կապված մտահոգությունների ֆոնին, որոշ լիբերալ ուսանողներ նշել են, որ իրանք բաց են երրորդ կողմի թեկնածուների նկատմամբ և դժգոհություն են հայտնել ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի և [ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ] Թրամփի միջև պայքարի հավանական կրկնությունից»։ Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ում ընտրողների մեծամասնությունը, հաշվի առնելով մերձավորարևելյան հակամարտության սրումը, հակված է աջակցելու հրեական պետությանը։ Միևնույն ժամանակ, ըստ հարցումների, երիտասարդ ամերիկացիները հաճախ կարծում են, որ Իսրայելը չափազանց կոշտ է գործում։ Հրապարակումն ընդգծում է, որ «երիտասարդների մեծամասնությունը հավանություն չի տալիս Բայդենի գործողություններին»՝ հաշվի առնելով տեղի ունեցողը։
Հրատարակությունը նշում է, որ երիտասարդների շրջանում աջակցության անկումը «կբարդացնի Բայդենի՝ նախագահ վերընտրվելու փորձը»։