Դանիայի վարչապետը Բլինքենի հետ քննարկել է Ուկրաինային F-16-եր մատակարարելու հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ միասին սեպտեմբերի 6-ին Կիև է ժամանել նաև Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Կողմերը քննարկել են Ուկրաինային հետագա աջակցությունը, ինչպես նաև F-16-երի մատակարարումը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունը։
«Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ֆրեդերիկսենին՝ F-16-երի առնչությամբ գործընկեր երկրների կոալիցիայի հարցում Դանիայի դրսևորած առաջնորդության համար՝ ուկրաինացի օդաչուներին վերապատրաստելու, ինչպես նաև Ուկրաինային F-16 ինքնաթիռներ նվիրաբերելու որոշման համար», - նշված է հաղորդագրությունում:
Դանիան և Նիդերլանդները որոշել են F-16 կործանիչներ նվիրաբերել Ուկրաինային։ Երկնքում առավելություն ունենալու համար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս նշել է կործանիչ ավիացիայի անհրաժեշտության մասին։ Երրորդ երկրներին ամերիկյան F-16-երի մատակարարումը պետք է պաշտոնապես հաստատվի Վաշինգտոնի կողմից։
Մետե Ֆրեդերիկսենը Կիևում ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանի առջև։ Նա հայտնել է, որ այս պահին ուկրաինացի օդաչուները վերապատրաստում են անցնում Դանիայում F-16-երի վրա։