Արման Եղոյանը ՀՊՏՀ հայ և արտասահմանցի ուսանողների հետ խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հունիսի 8-ին հյուրընկալել է խորհրդարան այցելած ՀՊՏՀ տնտեսության կարգավորման միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի հայ և արտասահմանցի ուսանողներին ու դասախոսներին:
«Պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի աշխատանքը, այնուհետև անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կազմակերպության հետ ձեւավորված հարաբերություններին: Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձեւաչափով:
Արտասահմանցի հյուրերը հետաքրքրվել են այսօր աշխարհում առկա իրադրության և տարածաշրջանային քաղաքականության շուրջ ՀՀ դիրքորոշման հայեցակարգերով և հայ-ադրբեջանական հարաբերություններում դրա դերով ու ազդեցությամբ: Արման Եղոյանը նշել է, որ ցանկացած իրավիճակում ՀՀ դիրքորոշումը հակված է խաղաղության տարածմանը և հույս է հայտնել, որ մոտակա տարիներին տարածաշրջանում եւ աշխարհում պատկերը կփոխվի:
Խորհրդարանական այցի շրջանակում հյուրերը հարցեր են ուղղել հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ միջնորդական գործունեության ոլորտում տարբեր երկրների ներգրավվածության վերաբերյալ:
Երիտասարդ տնտեսագետներին հետաքրքրել են նաև Եվրամիությունից ապրանքների ներկրման եւ արտահանման տվյալները և հետագա կանխատեսումները դրա վերաբերյալ: Ինչպես նաև նրանք կիսվել են ՀՀ-ի տնտեսության վրա այդ հարաբերությունների ազդեցության վերաբերյալ իրենց տեսակետներով, լսել պատգամավորի տեսակետները:
Պատգամավորը ողջունել է ուսանողների ակտիվությունը և հորդորել հետագայում եւս մասնագիտական ներգրավվածություն ցուցաբերել իրենց երկրի քաղաքականության իրականացման գործում:
Ճանաչողական այցի շրջանակում ուսանողները եղել են նաև ԱԺ թանգարանում եւ գրադարանում»,- ասված է հաղորդագրության մեջ։