«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ամեն մեկն իր մասով կապի մեջ է միջազգային գործընկերների հետ. Արման Եղոյան
ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը վստահեցնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն Ադրբեջանի հարձակման առնչությամբ կապի մեջ են միջազգային գործընկերների հետ, պատգամավորը հատկապես հասցեական է համարում ԵՄ-ի, Եվրախորհրդարանի գործընկերների արձագանքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստում Եղոյանն ասաց, որ նախորդ օրը գիշերվանից պատգամավորներից ամեն մեկն իր մասով կապի մեջ է միջազգային գործընկերների հետ:
«Մասնավորապես ԵՄ-ի մեր գործընկերների, ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահող Մարինա Կալյուրանդի, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի, ԵԽ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի և ԵԽ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի արձագանքներն առավել քան հասցեական էին, առավել քան մանրամասն էին»,-ասաց Եղոյանը:
Նա համոզված է, որ մասնավոր խոսակցություններում դրանք եղել են էլ ավելի կոշտ, էլ ավելի սուր: Պատգամավորը միջազգային մյուս գործընկերներին կոչ արեց հետևել այդ ոգուն, թույլ չտալ ագրեսորին հասնել իր նպատակներին:
«Իսկ այն, որ միջազգային արձագանքը չափազանց էական է նման ագրեսիա զսպելու գործում, դրանում ես որևէ կասկած չունեմ»,-ասաց նա՝ հորդորելով պահել միջազգային ճնշման մակարդակը:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։