Մեկնարկել է թրաֆիքինգի զոհերի իրավագիտակցության բարձրացման և իրավունքների պաշտպանությանն ուղղված իրազեկման արշավը
Հուլիսի 29-ից մեկնարկել է թրաֆիքինգի զոհերի իրավագիտակցության բարձրացման և իրավունքների պաշտպանությանն ուղղված իրազեկման հերթական արշավը, որը նպատակ ունի հանրության շրջանում բարձրացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հետ կապված երևույթների կանխարգելման և դրանից բխող խնդիրների արդյունավետ լուծման մեխանիզմների իրազեկման մակարդակը։
«Կապույտ սիրտ» տեղեկատվական արշավի շրջանակում երեկ տեղի է ունեցել թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են պետական մարմինների, շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու բարեփոխումների հիմնական շեշտադրումն ուղղված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին մատուցվող ծառայությունների, նրանց կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման չափորոշիչների բարելավմանը։
Ներկայացնելով 2023-2025թթ․ Գործողությունների ազգային ծրագրի նախնական տարբերակը՝ նախարարի տեղակալն ընդգծել է․ «Ծրագրի հիմքում ունենալու ենք մոնիթորինգի արդյունքում դուրսբերված բացերը՝ առավել թիրախային և արդյունքահեն միջոցառումներ ունենալու համար, որոնք կներառվեն գործողությունների ծրագրում։ Նախատեսում ենք նաև ծրագրի համապարփակ դիտարկման և մարտավարության մշակման ապացույցների վրա հիմնված գործառնական մեխանիզմ»։
Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքների վիճակագրական տվյալների, «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում իրականացված հակազդման աշխատանքների, ինչպես նաև լուսաբանման հմտությունների և առանձնահատկությունների մասին։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխան ձևաչափով, մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։