Պետք չէ Ադրբեջանի պատմական զեղծարարություններին ամեն օր պատասխանելու ճանապարհով գնալ. Խաչիկ Հարությունյան
Պետք չէ Ադրբեջանի պատմական զեղծարարություններին ամեն օր պատասխանելու ճանապարհով գնալ։ Այս մասին ասել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն՝ անդրադառնալով ադրբեջանցի մի խումբ գիտնականների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին ուղղված դիմումին, որում նրանք նշել են, թե Երեւանի Կոնդի թաղամասում Ադրբեջանի ազգային-մշակութային եւ պատմական ժառանգությունը Հայաստանը մշակութային ցեղասպանության է ենթարկում։
«Մենք մեր պատասխանները ամեն անգամ հնչեցնում ենք թե՛ միջազգային գիտաժողովներում, թե՛ գիտական հրատարակություններում, թե՛ գիտահանրամատչելի նյութերում։ Այն, ինչ պետք է արվի, արվում է։ Այս տարի մարտին կազմակերպվել էր «Երեւանի պատմամշակութային ժառանգություն» խորագրով գիտաժողովը, որի ժամանակ ոչ միայն Կոնդին անդրադարձ եղավ, այլեւ Երեւանի պատմամշակութային ժառանգության մաս կազմող այլ միավորների, հուշարձանների վերաբերյալ»,– ասաց Խաչիկ Հարությունյանը։
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենն ասաց, որ առաջիկայում հրապարակվելու են նյութեր, որոնցում պատմելու են Երեւանի պատմության շարունակական ընթացքը այս հազարամյակների ընթացքում։
«Այո, այդ հազարամյակների ընթացքում մենք ունեցել ենք տարբեր մշակութային շերտեր, դա նորմալ է։ Մենք ունենք շատ հարուստ մշակութային շերտեր, որոնց մասն է կազմում մահմեդական տարրը, որն անխուսափելիորեն ներկա է եղել այս տարածաշրջանում, որեւէ անգամ դա չի հերքվում։ Պետք է հասկանալ, թե ինչի հետ մենք գործ ունենք, մենք գործ ունենք ադրբեջանական քարոզչությա՞ն, թե գիտության հետ»,– նշեց նա։
Խաչիկ Հարությունյանի կարծիքով, եթե հայկական կողմը պարբերաբար Ադրբեջանին հակադարձելու ուղղությամբ աշխատի, ապա կարող է սխալվել իր որդեգրած քաղաքականության մեջ։