Ո՞ւմ համար ենք վերանորոգում դպրոցները, եթե ուսուցիչներ չեն լինելու. վիճակը շատ լուրջ է. ոլորտի փորձագետ
Հայաստանում ուսուցիչների 12 տոկոսը 65 տարեկանից բարձր տարիքի են։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, մամուլիա ասուլիսի ժամանակ նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նրա խոսքով, 5 տարի առաջ մոտավորապես 1700 ուսուցիչ էր 65 տարեկանից բարձր տարիքի, հիմա այդ ուսուցիչների թիվը 3500-ից անցել է. «Շատերը խնդրում են իրենց թոշակի ուղարկել, սակայն տնօրենները չեն կարողանում, որովհետև փոխարինող չկա։ Դրա փոխարեն նաև մոտ 3 անգամ նվազել է մինչեւ 25 տարեկան ուսուցիչների թիվը: Սա շատ լուրջ խնդիր է:
Նախկինում մենք ունեցել ենք մոտ 900 քիմիայի ուսուցիչ, մեկ տարում այդ թիվը մոտ 70-ով պակասել է: Այսինքն եթե այսպես 10 տարի շարունակվի, մենք քիմիայի ուսուցիչ Երեւանում էլ չենք ունենալու: Սա ողբերգություն ու աղետ է:
Մենք հպարտանում ենք, որ դպրոցներ ենք վերանորոգում, ո՞ւմ համար ենք վերանորոգում, եթե ուսուցիչներ չեն լինելու: Մենք պետք է ավելի ուշադրություն դարձնենք աշխատուժին, քան շենքերին: Եթե այս ցուցանիշներով գնանք, չի բացառվում, որ առաջիկայում ԿԳՄՍՆ-ն շատ առարկների դասավանդումը կազմակերպել հեռավար, այսինքն Երեւանում կամ Գյումրիում նստած ուսուցիչը դաս վարի գյուղի դպրոցի համար»,-ասաց փորձագետը:
«Ինչ վերաբերում է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, ապա այդ հարցը բավական նեղ և մանիպուլյատիվ ձևով է ներկայացվում։ Մի շարք պատգամավորներ գրել են, թե ուսուցիչները 400 000 դրամ աշխատավարձ կարող են ստանալ, սակայն դրա համար ուսուցիչը պետք է առավելագույն գնահատական ստանա և չորրորդ տարակարգ ունենա։ Որքան ես եմ տեղյակ, ՀՀ-ում դեռ չորրորդ տարակարգ ստացողներ չեն եղել»,- ասաց Խաչատրյանը։
Նա հավելեց, որ ստացվում է` կամավոր ձևով է բարձրացվում ուսուցիչների աշխատավարձը, ուստի պետք է ներքին շեմն էլ բարձրանա։ Մասնագետը նկատեց` մյուս ոլորտներում այդպես չէ` որևէ մեկը բժիշկներին կամ ոստիկաններին չի ասում, թե դու քննություն կհանձնես ու նոր միայն բարձր կվարձրատրվես։
Բացի այդ, ըստ Խաչատրյանի, շատ հեշտ կլինի ատեստացիա անցնել կրկնուսույցների և ավագ դպրոցի ուսուցիչների համար, իսկ հիմնական դպրոցների ուսուցիչները մոռացել են ավագ դպրոցում անցնող ծրագրից շատ բաներ։ Ուստի, գյուղական դպրոցներում շատ քչերը բարձր կվարձատրվեն, ինչը կբերի դպրոցների բևեռացման։
Խաչատրյանը հավելեց` պետք է մասնավոր սեկտորի հետ երկխոսություն սկսել, և որոշ ուսուցիչներ պիտի ինքնազոհաբերվեն հանուն երեխաների, այսինքն` մասնավոր սեկտորից ոմանք պետք է նաև որոշակի ժամով դպրոց մտնեն։
Կրթության ոլորտի փորձագետը կարծում է, որ ուսուցիչների աշխատավարձը պետք է կտրուկ բարձրացվի։