Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Որոշման մեջ ասվում է. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան`
Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերից մինչև 2021թ. դեկտեմբեր ամիսները Արկադի Փելեշյանը ընտրվել և զբաղեցրել է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը:
Արկադի Փելեշյանի գլխավորած՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընդամենը 5 մանդատ էր ստացել ավագանիում: Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթել էր «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը եւ ստացել 15 մանդատ, սակայն դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր ավագանու առաջին նիստից առաջ: Վանաձորը շուրջ կես տարի է՝ համայնքապետ կամ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար չուներ: Օրեր առաջ Ազգային ժողովը նոր օրենք ընդունեց, որը լիազորում է վարչապետին խոշորացված համայնքի ղեկավարի Ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ավագանու անդամի: