Նման հարց քննարկվում է. Մհեր Գրիգորյանը մեկնաբանել է՝ արդյո՞ք սահմանազատման հանձնաժողովը կգլխավորեն փոխվարչապետները

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանների սահմանազատման հանձնաժողովը փոխվարչապետների մակարդակով գլխավորելու հարցը քննարկվում է։ Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, որ երկու կողմերի միջեւ սահմանազատման հանձնաժողովի կազմի վերաբերյալ պայմանավորվածություն կա, այն կգլխավորեն երկու պետությունների փոխվարչապետները։
«Նման հարց քննարկվում է… փոխվարչապետների մակարդակով»,- ասել է փոխվարչապետը՝ չպատասխանելով հարցին՝ արդյոք իր թեկնածությունն է քննարկվում։
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը վերջնական որոշում առայժմ չունի. «Երբ որ մենք այդ հարցի շուրջ ունենանք վերջնական որոշում, նաեւ կլինի համապատասխան հաղորդագրություն»։