Իշխանափոխության դեպքում չի լինի նույնքան միջակ իշխանություն, ինչպիսին ներկայիս իշխանությունն է. Ավետիք Իշխանյանը
Պետք չէ եւս երկու-երեք տարով հետաձգել ներկայիս իշխանության հետ պայքարը։ Հայաստանը, որպես պետություն, այս պահին պարզապես կարող է չլինել։ Այս մասին ապրիլի 26-ին «Հայկական օրակարգ. Ի՞նչ է կատարվում Հայաստանում» թեմայով բանավեճի ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Հայ ժողովուրդը, իրավապաշտպանի խոսքով, չնայած բոլոր փորձություններին, որոնք արդեն իրենց բաժին են ընկել նրան, դեռ լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնած։ «Ես չեմ հավատում, որ ներկայիս իշխանություններին պատերազմում կրած աղետալի պարտությունից հետո կարողացան ազնիվ կերպով հաղթել ընտրություններում։ Համոզված եմ, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Բայց պարզվեց, որ այսօրվա իշխանությունը մեր ժողովրդի համար, ըստ էության, միանգամայն ընդունելի է»,- դժգոհեց Իշխանյանը։
Այդուհանդերձ, իրավապաշտպանը համոզված է, որ իշխանափոխության դեպքում հայ ժողովուրդն այլեւս չի ունենա այնպիսի միջակ իշխանություն, ինչպիսին ներկայիսն է։