Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում 72 գույք են ձեռք բերել, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ 5․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
Հայաստանում գույք ձեռք բերելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն այնպիսին են, որ ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիներ: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
«Եթե չեմ սխալվում 2002 թվականից սկսած, իրավունքների գրանցման կետից սկսած մինչև այսօր ունեցել ենք 72 միավոր անշարժ գույքի ձեռքբերում Թուրքիայի քաղաքացիների կողմից։ Դրանց մեծ մասը բնակարաններ էին, մի հատվածը հասարակական փոքր օբյեկտներ և այլն: Այստեղ մենք որեւէ խնդիր չենք տեսնում:
Իսկ երբ Ադրբեջանի քաղաքացիներն այստեղ գույք են ձեռք բերում, իրենք ունենում են ճամփորդական անձնագրեր: Այսինքն իրենք գալիս են, մեզ մոտ ստանում են ճամփորդական անձնագիր: Այդ անձնագիրը ստանալու պրոցեդուրայի ընթացքում ձեր նշած մտավախությունները փարատվում են: Ինքը գալիս է, ձեռք է բերում անշարժ գույք: Եթե չեմ սխալվում, Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի ճամփորդական անձնագիր, 5-6 հոգի են»,-ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք վերջին շրջանում է նկատվել գույք ձեռք բերելու ակտիվությունը Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների կողմից, Թովմասյանը բացասական պատասխան տվեց։