Վերամշակված պլաստիկ շշերն ավելի վտանգավոր են, քան չվերամշակվածները
Լոնդոնի Բրունելի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լայնորեն օգտագործվող շշերը, որոնք պատրաստված են վերամշակված պլաստիկից, խմիչքի մեջ ավելի շատ վնասակար քիմիական նյութեր են թողնում, քան չվերամշակվածները: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում կատարելով Journal of Hazardous Materials ամսագրում հրապարակված աշխատությանը։
Փորձագետները հայտնաբերել են 150 քիմիկատներ, որոնք հեղուկներ են ներթափանցել վերամշակված պլաստիկե շշերից։ Դրանցից 18-ի պարունակությունը գերազանցել է թույլատրելի ցուցանիշը։ Պոլիէթիլենային տերեֆտալատը (PET), որից պատրաստվում են պլաստիկ շշեր, առողջության համար վտանգավոր մի շարք քիմիական աղտոտիչների աղբյուր է: Դրանք ներառում են բիսֆենոլ A-ն, որը կարող է առաջացնել վերարտադրողական խանգարումներ, սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ:
Գիտնականների խոսքով՝ քիմիական նյութերը շշերի մեջ ներթափանցում են պլաստիկի արտադրության և վերամշակման մեջ օգտագործվող կատալիզատորներից և հավելումներից։ Բացի դրանից, քայքայումը, որը կարող է առաջանալ շշի «կյանքի ցիկլի» ընթացքում, նույնպես աղտոտման պատճառ է հանդիսանում:
Որպես քիմիական նյութերի հետ կապված խնդիրների լուծում՝ հետազոտողներն առաջարկում են պլաստիկից շշերի ավելի մանրակրկիտ մշակում իրականացնել՝ այսպես կոչված, սուպերմաքրում, որը կազատի վտանգավոր նյութերից։ Այն օգտագործում է եռաստիճան գործընթաց՝ հին պլաստմասսաները վերամշակելուց առաջ մաքրում են ՝ բարձր ջերմաստիճանով, լվանում գազով և քիմիական մեթոդով: