Տիգրան Խուդավերդյանը չի զբաղեցնի նոր պաշտոնը եւ կհեռանա «Յանդեքս»-ի տնօրենների խորհրդից
Տիգրան Խուդավերդյանը կհեռանա «Յանդեքս»-ի տնօրենների խորհրդից եւ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնից։ Ավելի վաղ թոփ-մենեջերը մտցվել էր ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի պատժացուցակ, տեղեկացվել է ընկերության հաղորդագրությունում։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում «Յանդեքս»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը Ելենա Բունինայի փոխարեն զբաղեցրել է Տիգրան Խուդավերդյանը։ Ենթադրվում էր, որ նա այդ աշխատանքը կհամատեղի գործադիր տնօրենի պաշտոնի հետ։ Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Խուդավերդյանը Եվրամիության անհատական պատժամիջոցների ցուցակ է մտցվել։
Այս առնչությամբ Տիգրան Խուդավերդյանը կհեռանա «Յանդեքս»-ի տնօրենների խորհրդից եւ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնից, ինչպես նաեւ պաշտոնները կթողնի Նիդեռլանդներում ընկերության կառույցներում։ Ելենա Բունինան կկատարի գլխավոր տնօրենի պարտականությունները մինչեւ ապրիլի 15-ը։
«Մենք խիստ զարմացած ենք, որ Տիգրանը հայտնվել է Եվրամիության պատժացուցակում, եւ մենք շատ ենք ափսոսում, որ նա այլեւս չի կարող լինել տնօրենների խորհրդում եւ զբաղեցնել Yandex N.V.-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը»,- նշել է Yandex N.V.-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոն Բոյնթոնը՝ ավելացնելով, որ տնօրենների խորհուրդը կքննարկի հետագա փոփոխությունները ընկերությունների ղեկավարության կառուցվածքում։
Խուդավերդյանը ընկերությունում աշխատել է ավելի քան 15 տարի եւ շատ ուժ է ներդրել, «որպեսզի «Յանդեքս»-ը զարգանա որպես համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական ընկերություն, հաշվի առնելով օգտատերերի, գործընկերների, աշխատակիցների եւ բաժնետերերի շահերը»։ 2019-ից նա զբաղեցրել է «Յանդեքս» ընկերությունների խմբի գործադիր տնօրենի պաշտոնը։
Խմբի գլխավոր տնօրեն կշարունակի մնալ «Յանդեքս»-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը։ «Յանդեքս»-ը եւ նրա դուստր ձեռնարկությունները Եվրամիության, ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի պատժացուցակ չեն մտցվել, նշել են ընկերությունում։