Իշխանությունները դեմ չեն հայկական զորախմբի գործունեության խորհրդարանական վերահսկման հարցի քննարկմանը
Հունվարի 11-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ավարտից հետո տեղի կունենան աշխատանքային քննարկումներ։ Այդ քննարկումների շրջանակում պատգամավորները կանդրադառնան «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության հերթական նախաձեռնությանը։
«Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը հունվարի 10-ին դիմել էր Ազգային ժողովի երկու հանձնաժողովներին՝ համատեղ նիստ գումարելու խնդրանքով։ Նախատեսվում է քննարկել Ղազախստանում տեղակայված հայկական զորախմբի գործունեության խորհրդարանական վերահսկման ապահովման հարցը։
Մասնավորապես, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը դիմել է Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին եւ Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին՝ հանձնաժողովների համատեղ նիստ գումարելու առաջարկով։
Նշենք, որ օտարերկրյա զինվորականների շնորհիվ իշխանությունը պահպանած Ղազախստանի նախագահն արդեն հայտարարել է ՀԱՊԿ «խաղաղապահ» առաքելության ավարտի մասին։