Ոռոգման համակարգերի արդիականացման նպատակով 2021 թվականին Արմավիրի մարզում ներդրվել է ավելի քան 2,6 մլրդ դրամ
Ոռոգման համակարգերի արդիականացման նպատակով 2021 թվականին Արմավիրի մարզում տարբեր ծրագրերով մեծածավալ աշխատանքներ են իրականացվել։ Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։
Եվրոպական զարգացման բանկի ֆինանսավորմամբ մեկնարկել է ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիրը՝ ուղղված 39 համայնքի 92066 մ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցերի վերականգնմանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2,2 մլրդ դրամ՝ համայնքների 10 տոկոս համաֆինանսավորմամբ:
Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով 5 համայնքում իրականացվել են 7693 մ ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման, ևս 2-ում՝ 6 խորքային հորի հորատման աշխատանքներ: Այս ուղղությամբ իրականացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 422,1 մլն դրամ:
Պետության ֆինանսավորմամբ մարզում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակներում 5 համայնքում իրականացվել են ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված աշխատանքներ՝ 11,76 մլն դրամ ընդհանուր արժեքով:
Նշենք նաև, որ 9 համայնքում մասնավոր հողօգտագործողների կողմից կառուցվել է 21 ջրամբար՝ 918,6 հազար խմ ծավալով, որի արդյունքում 1703,74 հեկտարի մասով իրականացվում է կաթիլային, իսկ 80,6 հեկտարի մասով էլ՝ անձրևացման եղանակով ոռոգում:
Վերոնշյալ ծրագրերի արդյունքում ոչ միայն բարելավվելու է ջրամատակարարումը, այլ նաև զգալիորեն կրճատելու են համակարգում դեռևս գոյություն ունեցող մեծ կորուստները: