Իրենց առաջարկած շենքում մեկ սանհանգույց է 93 հոգու համար, այն էլ արաբական ոճի. Անօթեւանների կացարանի բնակիչ
Մեր պահանջը մեկն է, մեզ ուղարկում են «Հաղթանակ» թաղամասում «Տուն ինտերնատի» շենք, որտեղ անմխիթար վիճակ է, մենք ուզում ենք մնալ նույն տեղում: Այս մասին, այսօր՝ հունվարի 5-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեցին Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթեւանների կացարանի բնակիչները:
«Մենք ունենք 93 շահառու, իսկ Թիվ մեկ տուն ինտերնատում մեկ սանհանգույց է, այն էլ արաբական ոճի: Մենք ունենք անկողնային հիվանդներ, նրանք ո՞նց պետք է օգտվեն այդ զուգարանից: Մենք չենք հասկանում, թե ինչու են փակում մեր կացարանը, որը գործում է 10 տարուց ավելի: Մենք այնտեղ սիրով աշխատում, ապրում ենք, բնակիչները գոհ են, տնօրինությունը լավն է»,-ասաց ակցիայի ներկայացուցիչներից մեկը:
Կացարանի բնակիչներից մեկն էլ նշեց, որ իրենք նամակով դիմել են վարչապետին եւ 100 տոկոսով համոզված են, որ դրական պատասխան են ստանալու. «Եթե դուք տեսնեք այդ տուն ինտերնատի պայմանները, եւ համեմատեք «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի պայմանների հետ, կտեսնենք, որ մեր հիմնադրամը 5 աստղանի հյուրանոց է դրա համեմատ»:
Նրանց խոսքով, թեեւ «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ պայմանագիրն ավարտվել է, սակայն հիմնադրամի ղեկավարությունը մեծագոհություն է ցուցաբերել եւ փողոց չի հանել իրենց:
Անօթեւաններից մի տղամարդ նշեց, որ ինքը պայմանագրային զինծառայող է, 15 օր սահմանին է, 15 օր այս կացարանում է ապրում. «Հիմա եթե ես 15 օր մնամ այդ անմխիթար տեղում, դրանից հետո կկարողանա՞մ գնալ սահման պահել: Մահճակալների հեռավորությունը 10 սմ է, մարդիկ իրար վրայով են քայլում: Մենք ո՞նց էդ պայմաններում ապրենք: Եթե պետությունը իր հերոսներին հանում գցում է փողոց, ո՞ւր գնանք: Հիմա գոմն ավելի լավ է, քան այդ ինտերնատը: գոմում անասուն է մնում, տաք է, էնտեղ մարդ չի ապրում: Պոստից գալիս ենք, որ սառե՞նք»,-ասաց նա:
Այդ պահին նախարարության շենք էր մտնում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Ակցիայի մասնակիցները դիմեցին նրան, մարզպետն էլ խոստացավ, որ սոցապնախարարին կներկայացնի իրավիճակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամանորից առաջ Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթեւանների կացարանի բնակիչներին տնօրինությունը մինչեւ դեկտեմբերի 31-ը ազատել կացարանը: Կացարանը «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամինն է, որը 2004-ից զբաղվում է այս գործունեությամբ:
Հունվարի 1-ին կացարանը փակվել է, քանի որ բարեգործական հիմնադրամը չի դիմել եւ չի մասնակցել համապատասխան մրցույթին, հետեւաբար նրա հետ նոր պայմանագիր չի կնքել: Որոշվել է, որ բնակիչներին կացարան է հատկացվում Հաղթանակ թաղամասում՝ «Երեւանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի մասնաշենքերից մեկում։ Անօթեւանները, սակայն, դեմ են այս տարբերակին։