Կարեն Մկրտչյան, դու էս շենք պիտի չմտնես, գլխովդ ես պատասխան տալու. Վարդենիսի համայնքապետարանում կրքերը չէին հանդարտվում
Վարդենիսի համայնքապետարանում երկու քաղաքական ուժերի միջև լարվածությունը չէր հանդարտվում։ ՔՊ-ական թեկնածու, նախկին համայնքապետ Արմեն Մելքոնյանը շարունակաբար մեղադրանքներ էր հնչեցնում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամ Կարեն Մկրտչյանի հասցեին։
«Ես քո հոր թա՞յն եմ, այ թուլա»,- ասաց Արմեն Մելքոնյանը այն ժամանակ, երբ ավագանու անդամները համայնքապետարանի միջանցքում էին։
Երբ նիստի մասնակիցները մտան նիստերի դահլիճ, իրավիճակն այնուամենայնիվ չհանդարտվեց։
«Ձենդ կտրի, քո հետ եմ, արի մոտիկ ասեմ»,- գոռգոռում էր Արմեն Մելքոնյանը։
Կուսակցության անդամներից մեկն ասաց, որ Մելքոնյանին չի ճանաչում, ինչը նրան ավելի հունից հանեց.
«Դա քո սխալն ա, ուրեմն դու փախած ես եղել պատերազմի ժամանակ։ Յուրաքանչյուր ասածիդ համար պատասխան ես տալու։ Վարդենիսի որեւիցե դիրքի տեղ գիտե՞ք»։
Կուսակցության անդամն էլ արձագանքեց. «Դու ավելի շատ փախած ես եղել, քան՝ ես»։
Երբ արդեն պետք է մեկնարկեր նիստը Մելքոնյանը հունից դուրս եկավ եւ պնդեց, որ Կարեն Մկրտչյանը որեւէ դեպքում չպետք է մտնի համայնքապետարան։
«Կարեն Մկրտչյանը թող միայն քվեարկությանը մասնակցի։ Նրա գործունեության մեջ եղել են կեղտոտ դեպքեր, եւ չեմ կարող ես թույլ տալ, որ մտնեն նորից համայնքապետարան։ Կարեն Մկրտչյան, դու էս շենք պիտի չմտնես, կյանքդ կսարքեմ դժոխք, հերիք է այս համայնքը թալանես, դու գլխովդ ես պատասխան տալու»,- ասաց Մելքոնյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։