Ավագանու առաջիկա նիստին կնշանակվի առաջին տեղակալ, որը կկատարի համայնքապետի պարտականությունները․ Իրինա Յոլյան
Գորիսի ավագանու հաջորդ նիստին կնշանակավի համայնքապետի առաջին տեղակալ, որը կկատարի համայնքապետի պարտականությունները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի նորընտիր ավագանու անդամ Իրինա Յոլյանը։
«Նույնիսկ եթե առաջին տեղակալն ինչ-որ պատճառով փոխվի, կարող ենք նորից նշանակվել։ Տեղակալը կկատարի պարտականություններն այնքան, մինչև Առուշ Առուշանյանն ազատ արձակվի»,- նշեց նա։
NEWS.am-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը հայտնեց, որ այս պահին ինքն է կատարում Գորիսի համայնքապետի պարտականությունները։
Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվել է հուլիսի 16-ին։ Առուշանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ըստ մեղադրանքի՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը: Առուշանյանը կալանավորված է։
Վերաքննիչ քրեական դատարանը երեկ՝ նոյեմբերի 11-ին, բեկանեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին գրավով ազատ արձակելու որոշումը և կալանավորման որոշում կայացրեց։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) եւ ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին եւ 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):