Facebook-ին պատկանող Oculus-ը վիրտուալ իրականության ֆիթնես ընկերություն է ձեռք բերում
Facebook-ին պատկանող VR ակնոցներ արտադրող Oculus-ը ձեռք է բերում Within ընկերությունը, որին պատկանում է Supernatural VR ֆիթնես ծրագիրը: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Oculus-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես ուրախ եմ տեղեկացնել, որ Within-ը Supernatural-ի հետ համաձայնագիր է կնքել Meta-ին միանալու մասին <...>: Մենք կարծում ենք, որ ֆիթնեսն անհավատալի հաջողություն կունենա վիրտուալ իրականության մեջ»,- մեջբերվում է Oculus-ի առաջատար ծրագրավորողներից մեկի՝ Ջեյսոն Ռուբինի հաղորդագրությունը։
Նշվում է, որ Within-ը կաշխատի Oculus-ի հետ որպես անկախ ստուդիա Reality Labs ստորաբաժանման կազմում եւ կշարունակի ֆիթնես ծրագրերի մշակումը վիրտուալ տեխնոլոգիաների միջոցով։
Supernatural ծրագիրը թույլ է տալիս խաղային ձեւով մարզումներ իրականացնել վիրտուալ իրականության ակնոցների եւ մի քանի կարգավորիչի միջոցով: Ընդ որում, օգտատերերի գործողությունները վերահսկվում են ֆիթնես մարզիչների կողմից, ովքեր խորհուրդներ են տալիս, թե ինչպես կատարել այս կամ այն վարժությունը։
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հինգշաբթի հայտարարել էր, որ իր հիմնադրած ընկերությունը փոխում է անվանումը. այժմ այն կկոչվի Meta, որը կմիավորի ոչ միայն ծրագրերի, այլեւ ընդլայնված իրականության սարքերի մի ամբողջ շարք։ Դա, ըստ Facebook-ի հիմնադրի, կնշանավորի ինտերնետի զարգացման նոր փուլը, որի առանցքային հատկանիշը կլինի «ներկայության զգացումը»։
Facebook-ի ռեբրենդինգը տեղի է ունեցել մի շարք սկանդալների ֆոնին, որոնցում ընկերությունը հայտնվել է վերջերս: Սեպտեմբերին The Wall Street Journal-ը սկսեց մի շարք հոդվածներ հրապարակել ընկերությունում եւ դրան պատկանող սերվիսների վնասակար գործողությունների մասին: Հոդվածների նյութի աղբյուրը ներքին փաստաթղթերն են, որոնք թերթի լրագրողին փոխանցել էր Facebook-ի նախկին աշխատակից Ֆրենսիս Հաուգենը։ Ավելի ուշ ամերիկյան պարբերականների արդեն մի ամբողջ կոնսորցիում հանդես եկավ մերկացնող նյութերով։