«Լայոնրոք» արևադարձային փոթորիկը հասել է Հոնկոնգ
Արևադարձային «Լայոնրոք» փոթորիկը հասել է Հոնկոնգ` կաթվածահար անելով կյանքը Չինաստանի այս հատուկ վարչական շրջանում: Տեղական օդերեւութաբանական աստղադիտարանը շաբաթ օրը փոթորկի նախազգուշացման ութերորդ ազդանշան է հայտարարել10 բալանոց սանդղակով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Քաղաքում անձրեւներ եւ քամու ուժգնացում է սպասվում: Վատ եղանակային պայմանների պատճառով փակ են գրասենյակները, բանկերը, պետական մարմինները, նավահանգստում բեռնաթափման աշխատանքները եւ լաստանավային ծառայությունները դադարեցված են:
Ներկայումս փոթորկի էպիկենտրոնը, որը կոչվում է Հոնկոնգի լեռան անունով, գտնվում է Չինաստանի հարավային Հայնան կղզում` Հատուկ վարչական շրջանից 550 կմ հարավ-արեւմուտք, եւ շարժվում է դեպի Վիետնամ: Սակայն, ինչպես պարզաբանում են օդերեւութաբանները, Խաղաղ օվկիանոսում հյուսիսարեւելյան մուսսոնի ազդեցության տակ ցիկլոնը զգալիորեն մեծացրել է իր ազդեցությունը եւ տարածվել է հսկայական տարածաշրջանի վրա: