Amazon-ը սեփական արտադրության տնային ռոբոտ է ներկայացրել
Ամերիկյան Amazon ընկերությունը տան համար ռոբոտ է մշակել, որը ստացել է Astro անունը: Այս մասին ասվում է արտադրանքի կառավարման հարցերով Amazon-ի փոխնախագահ Չարլի Տրիխլերի՝ ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
«Մենք ուրախ ենք ներկայացնել այն, ինչի վրա աշխատում էինք՝ մեր առաջին տնային ռոբոտը: Մենք այն անվանել ենք Astro»,- ասվում է տեքստում:
Ինչպես նշվել է Amazon-ում, տնային ռոբոտը կարող է օգտագործվել բնակելի տարածքում տեսահսկման եւ անվտանգության հսկողության համար: Astro-ն կկարողանա ինքնուրույն տեղաշարժվել տանը, ստուգել որոշակի սենյակներ եւ նույնիսկ ահազանգեր ուղարկել, երբ անծանոթ մարդիկ են հայտնվում դրանում:
Հատուկ մշակված Astro App-ում ռոբոտի տերերը կկարողանան տեսահեռարձակումներ դիտել տան տարածքից: Ռոբոտ-օգնականը կարող է բազմաթիվ այլ գործառույթներ կատարել, օրինակ՝ գնալ տիրոջ հետեւից եւ երաժշտություն միացնել, լուսանկարել ընտանիքին եւ հիշեցումներ ուղարկել:
Տրիչլերի խոսքով՝ Astro-ի մշակողները այսպես կոչված ռոբոտների անհատականության ստեղծման համար ոգեշնչվել են ֆիլմերից, թոք-շոուներից եւ խաղերից: «Astro-ն թվային աչքեր ունի պտտվող էկրանին, ինչպես նաեւ շարժում եւ արտահայտիչ ինտոնացիաներ է օգտագործում շփման համար»,- հավելել է նա:
Տնային ռոբոտի մեկնարկային գինը մոտ 1000 դոլար կկազմի, հետագայում ընկերությունը մտադիր է այն հասցնել 1.500-ի: Սարքը կարտադրվի սահմանափակ քանակությամբ, վաճառքները կսկսվեն 2021 թվականին: