«Հայաստան» խմբակցություն. Հայաստանի ՄԱԿ ներկայացրած հայցն ընդդեմ Ադրբեջանի ճիշտ եւ տրամաբանական էր
Հայաստանի ՄԱԿ ներկայացրած հայցը Ադրբեջանի դեմ ճիշտ էր եւ տրամաբանական։ Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 17-ին, ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Խորհրդարանականի կարծիքով՝ դա կարելի էր շատ ավելի շուտ անել։
Նա նաեւ նշեց, որ Հայաստանն իր հայցում կարող էր եւ պետք է նշեր նաեւ Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմում։
«Ամբողջ պատերազմի ընթացքում քանիցս խոսվել է Թուրքիայի ուղղակի ներգրավվածության մասին մարտական գործողություններում, ինչպես նաեւ ռազմական հանցագործությունների մասին»,- հիշեցրեց պատգամավորը։
Միեւնույն ժամանակ, պատգամավորը դժգոհեց, որ հայկական իշխանությունների հանրային ելույթները Ադրբեջանի հասցեին միշտ չէ, որ համապատասխանում են ներկայացված հայցի բովանդակությանը։
«Նրանց գնահատականները կարող էին շատ ավելի կոշտ լինել»,- նշեց Վարդեւանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը ՄԱԿ հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռասայական խտրականության։ Հայցում, մասնավորապես, ասվում է, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հայերին ենթարկել է ռասայական խտրականության, որն արտահայտվել է զանգվածային սպանություններով, կտտանքներով եւ այլ խախտումներով։