Ավստրիայի կանցլերը հայտնել է, որ իր երկիրն Աֆղանստանից ոչ մի փախստականի չի ընդունի
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը La Stampa թերթին տված հարցազրույցում անդրադառնալով Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, հայտնել է, որ իր երկիրը Աֆղանստանից ոչ մի փախստականի չի ընդունի:
«Մենք չենք ընդունի ոչ մի աֆղանցի փախստականի մեր երկրում: Դա տեղի չի ունենա, քանի դեռ ես իշխանության գլխին եմ: Ավստրիան արդեն ունի չորրորդ ամենամեծ աֆղանական համայնքն աշխարհում: Մենք իրատեսական դիրք ենք զբաղեցնում՝ աֆղանցիների ինտեգրացիան շատ դժվար է»,- ասել է Կուրցը:
Նա պարզաբանել է, որ դա պայմանավորված է աֆղանցիների կրթության մակարդակով` «հիմնականում ցածր», ինչպես նաև հիմնարար արժեքների տարբերությամբ:
Կանցլերն ընդգծել է, որ Ավստրիան «հատուկ ուշադրություն է դարձնում Աֆղանստանի հարևան երկրներին աջակցելուն և 20 մլն եվրո է հատկացնում տարածաշրջանում աֆղանցիների պաշտպանությունն ու օգնությունը ապահովելու համար»: