Ճապոնիան 2024-ին առաքելություն կուղարկի Մարսի արբանյակի ուսումնասիրության համար
Ճապոնիան 2024 թվականին ծրագրում է Մարսի Ֆոբոս արբանյակի ուսումնասիրության առաքելություն իրականացնել, որի շրջանակում նախատեսվում է ապար հավաքել Կարմիր մոլորակի արբանյակի մակերեսից:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի օդատիեզերական ուսումնասիրությունների գործակալությանը, նախատեսվում է տիեզերանավ արձակել դեպի Ֆոբոս: Այն հատուկ սարքավորում կիջեցնի արբանյակի մակերեսին, որը կհավաքի անհրաժեշտ փորձանմուշները: Դրանից հետո տիեզերանավը կվերադառնա Երկիր: Մթնոլորտ մտնելուց առաջ այն կնետի փորձանմուշներով պարկուճը:
Ճապոնացի գիտնականները նախատեսում են մոտ 10 գրամ ապար վերցնել Ֆոբոսի մակերեսից, ինչի հաշվին ցանկանում են ստանալ անհրաժեշտ տեղեկությունն արբանյակի ծագման մասին:
Մարսի Ֆոբոս և Դեյմոս արբանյակները հայտնաբերվել են 1877 թվականին ամերիկացի աստղագետ Ասաֆ Հոլի կողմից: Մի շարք գիտնականներ կարծում են, որ դրանք առավել խոշոր արբանյակի բեկորներ են, որոնք ցրվել են մոտ 3 մլրդ տարի առաջ: