Բայդենի «թխվածքաբլիթներից» հետո Տիխանովսկայան ստացել է Կոնդոլիզա Ռայսի խորհուրդները. EADaily
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Այս մասին հայտնել են Բելառուսի ընդդիմության առաջնորդի շտաբից, գրում է EADaily լրատվականը:
Հաղորդվում է, որ հանդիպումը տևել է 45 րոպե, որի ընթացքում կողմերը քննարկել են «ինչպես ուժեղացնել ճնշումը ռեժիմի վրա և միաժամանակ աջակցել բելառուսներին երկրի ներսում»: Տիխանովսկայան և Ռայսը քննարկել են նաև, թե «ինչպես հարաբերություններ հաստատել նոր գործընկերների, այդ թվում ՝ Ավստրալիայի, Ճապոնիայի և Հնդկաստանի հետ»:
«Շատ ջերմ և օգտակար հանդիպում էր: Ես երախտապարտ եմ Կոնդոլիզա Ռայսին` նրա բոլոր խորհուրդների համար: Նա շատ լավ գիտի իրավիճակը Բելառուսում և մեծահոգաբար կիսում է իր փորձը», - ասել է Տիխանովսկայան հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ Արևմուտքում բելառուսական ընդդիմության առաջնորդ համարվող Սվետլանա Տիխանովսկայան այցով գտնվում է ԱՄՆ-ում: Նա արդեն հասցրել է շփվել բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև բելառուսական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Հուլիսի 28-ին նա հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որը զրույցից հետո, ինչպես արտահայտվել է Տիխանովսկայան, իրեն «Սպիտակ տնից թխվածքաբլիթներ» է տվել: