Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծվել է
Երկու հրթիռ է արձակվել Բաղդադի «կանաչ գոտու» վրա, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի դեսպանատունը և այլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել է SHAFAQ News նորությունների պորտալը՝ վկայակոչելով երկրի ուժային կառույցների աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նրանց տվյալներով՝ հրթիռային արկերի ոչնչացման համար գործի է դրվել ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության տարածքում գտնվող C-RAM զենիթային համակարգը: Նշում են, որ այն չի կարողացել դրանք կալանել «կանաչ գոտուց» զգալի հեռավորության վրա, դրա հետևանքով բեկորները և կոտորակառումբն ընկել են մերձակա Էլ Մանսուր թաղամասում՝ վնասելով մի քանի քաղաքացիական մեքենաներ և մեկ տուն: Տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:
Դա առաջին նման հարձակումն է Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման շուրջ օրերս Սպիտակ տանն արաբական հանրապետության վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի միջև կայացած բանակցություններից հետո: Վերջինս, մասնավորապես, հայտարարել է, որ Իրաքում Վաշինգտոնի մարտական առաքելությունը կավարտվի տարեվերջին: Հունվարից Իրաքում արդեն կատարվել են շուրջ 50 հարձակումներ, որոնք նպատակամղված են եղել երկրում ամերիկյան շահերի դեմ: