Չինուհին նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար նրա մեքենայով 2 օրում 49 անգամ անցել է կարմիր լույսի տակով
Չինաստանի մի բնակչուհի և նրա հանցակիցը բերման են ենթարկվել ոստիկանություն այն բանից հետո, երբ պարզվել է, որ կինը նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար նրա մեքենայով միտումնավոր խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները` ընդամենը երկու օրում անցնելով տասնյակ կարմիր լույսերի տակով:
Ինչպես գրում է Oddity Central-ը, Չինաստանի արևելյան Չժեժյան նահանգի բնակչուհին, չկարողանալով համակերպվել այն մտքի հետ, որ ընկերն իրեն լքել է հանուն ուրիշի, որոշել է այնպես անել, որ նախկին սիրելին օրենքի հետ խնդիրներ ունենա:
Լու անունով ներկայացվող կինը համոզել է մեկ այլ տղամարդու մեքենաների առցանց վարձույթի հավելվածի միջոցով պատվիրել նախկին ընկերոջ Audi մեքենան, ապա դրանով 49 անգամ անցել է կարմիր լույսի տակով և երթևեկության այլ կանոններ խախտել:
Սակայն նա չէր հաշվարկել, որ կարող է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Հետաքննության արդյունքում ոստիկանները պարզել են` ինչ է կատարվել:
Հատկանշական է, որ Լուի հանցակիցը բաժանմունքում խոստովանել է, որ համաձայնել է մեքենան վարձակալել, քանի որ չինուհին խոստացել էր ժամադրության գնալ իր հետ: