«Թալիբան»-ը գրավել է Աֆղանստանի և Տաջիկստանի միջև գլխավոր սահմանային անցակետը՝ վերահսկողություն սահմանելով բոլոր անցակետերի նկատմամբ
«Թալիբան» իսլամական շարժումը գրավել է Աֆղանստանի և Տաջիկստանի միջև գլխավոր սահմանային անցակետը, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ անվտանգության ուժերի մի մասը լքել է դիրքերը և փախել սահմանից այն կողմ։
Մայիսի 1-ին ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման վերջին փուլի սկզբից ի վեր թալիբների ամենամեծ ձեռքբերումը Կունդուզ քաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շիր Խան Բանդար անցակետի գրավումն է։
«Ցավոք, այսօր առավոտյան մեկ ժամ տևած մարտերից հետո թալիբները գրավել են Շիր Խան Բանդար անցակետը», - ասել է Կունդուզի նահանգային խորհրդի անդամ Խալիդդին Հաքմին։
Բանակի սպաներից մեկը տեղեկացրել է, որ ստիպված են եղել թողնել անցակետերն ու անցնել Տաջիկստանի սահմանը։
«Թալիբան» շարժման մամուլի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդն իր հերթին հաստատել է, որ գրավել են անցակետը՝ նշելով, որ վերահսկում են Տաջիկստանի հետ բոլոր անցակետերը։
Անցումային կետի գրավումը տեղի է ունեցել Աֆղանստանի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի հայտարարությունից հետո այն մասին, որ մայիսից ի վեր թալիբները գրավել են երկրի 370 շրջաններից 50-ը, և հակամարտության սրումը նշանակում է, որ մեծանում է անապահովությունը շատ այլ մոտ և հեռու պետությունների համար։
Հիշեցնենք, որ Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշնակիցների հետ համակարգմամբ մինչև մայիսի 1-ը կսկսի և մինչև սեպտեմբերի 11-ը կավարտի Աֆղանստանից զորքերի դուրսբերումը:
2020 թվականին ԱՄՆ-ն և «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Դոհայում ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը: Այն նախատեսում է 14 ամսվա ընթացքում օտարերկրյա զորքերի դուրսբերում և գերիների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության սկիզբ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «Թալիբան»-ը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն 2003 թվականին։