Հարգանքի տուրք՝ հին հունական մշակույթին. Աթենքի Պանաթինաիկոս մարզադաշտում տեղի է ունեցել Christian Dior-ի ցուցադրությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Երեկ երեկոյան Աթենքի Պանաթինաիկոս մարզադաշտում տեղի է ունեցել ֆրանսիական Christian Dior նորաձևության տան նոր հավաքածուի ցուցադրությունը, որը ոգեշնչված էր և հարգանքի տուրք էր Հունական հեղափոխության 200-րդ տարեդարձին և հին հունական մշակույթին, հայտնում է Greek City Times թերթը։
Երեկոյի ընթացքում ներկայացվել է նորաձևության տան նոր «Կրուիզ 2022» հավաքածուն, որը հիմնված է Dior-ի գեղարվեստական ղեկավար Մարիա Գրացիա Կյուրիի ստեղծագործությունների վրա։
Կյուրին հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է նորաձևության տան հիմնադրի արխիվում հայտնաբերած 1951 թվականի լուսանկարներից, որոնցում Dior-ի մոդելները լուսանկարվել են Ակրոպոլիսում։
Ավելի վաղ Կյուրին ասել էր. «Դիցաբանությունից մինչև «Ոդիսական», ճարտարապետությունից և փիլիսոփայությունից մինչև անգին արհեստներ․ Աթենքն ինձ համար երազանքի վայր է՝ շոու բեմադրելու և առավել քան երբևէ մշակույթների կախարդանքն ու փոխանցումը տոնելու համար»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք , նորաձևության տունը ներկայացնելու էր հունական ազդեցությունը եվրոպական քաղաքակրթության զարգացման վրա։ Միաձուլելով ավանդույթներն ու արդիականությունը՝ հավաքածուն կարևորել է հունական ավանդական ձեռագործությունը և լույսի (phos) և գեղեցկության (kallos) հին հունական գեղագիտական արժեքները: Այս հավաքածուն ստեղծելու համար Christian Dior-ը համագործակցել է հույն ստեղծագործողների հետ՝ մասնագիտանալով մանածագործության, ասեղնագործության և մետաքսի, խեցեգործության և զարդերի պատրաստման ոլորտներում։
Միջոցառմանը ներկա են եղել 400 բարձրաստիճան հյուրեր, որոնցից 200-ը՝ արտերկրից։ Ներկա է եղել նաև Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն։