Մեղավոր ենք դաշնակցականներս, որ իրեն չենք այրել Թուրքիայի դրոշի հետ․ ՀՅԴ–ականների արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին
Արարատի մարզում «Հայաստան» դաշինքն այսօր հանդիպեց ընտրողների հետ։ Նրանցից մեկն անդրադարձավ ՀՅԴ–ի մասին այսօր Սյունիքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը։ «Գերագույն խամաճիկը Սյունիքում ասել է, որ Թուրքիայի դրոշն այրող դաշնակցականները հունիսի 20–ին այրելու են հենց իրենց դրոշը։ Մեղավոր ենք՝ դաշնակցականներս, որ իրեն չենք այրել Թուրքիայի դրոշի հետ»,–ասաց նա։
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, արձագանքելով, համաձայնեց, որ մեղավոր են, որ Թուրքիայի դրոշի հետ չեն այրել նաև Փաշինյանին։ «Հայաստանի դրոշի օրն այսօր Էրդողանը և Ալիևը գնում են Շուշի, ինքը դրան չի արձագանքում, խոսում է Դաշնակցության դրոշն այրելու մասին։ Հավանաբար, ինքը ծանր է տանում, որ մենք այրել ենք Թուրքիայի դրոշը, շարունակելու ենք ի հեճուկս իրեն և մեր թշնամիների՝ այրել ու պայքարել մեր իրավունքների համար»,–ասաց նա։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը ավելացրեց, որ Շուշին և Հադրութը հանձնողը, մյուս տարածքները հանձնողը, խոսում է Դաշնակցության դրոշի մասին։ «Սա է այն իրավիճակը, որում մենք բոլորս հայտնվել ենք»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է հարևանների հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելուն, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ հարևանիդ չես ընտրում և ունես այն, ինչ ունես։ «Ես չեմ հավատում, որ հնարավոր է արժանապատիվ հարաբերություններ ունենալ ծնկաչոք վիճակում, դա հնարավոր չէ։ Դու պետք է առաջինը ոտքի կանգնես, ամրանաս, որից հետո խոսես արժանապատիվ հարաբերությունների մասին»,– ասաց նա։
Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռ ունի կողմնակիցներ, իր հանրահավաքներին մարդիկ գալիս են։ «Երբ ինքն այդ խաղալիք մուրճ օդում տատանում է, ինչ–որ մարդիկ ոգևորվում են։ Մեր երկրի առաջին դեմքի մոտ նույնիսկ միջնադարից առաջվա վարքագծի դրսևորում է»,–ասաց նա և նշեց, որ դա վայրի ցեղերի մտածողություն է։
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև քաղաքացիների նկատմամբ ճնշումներին և նշեց, որ աշխատանքից ազատման տարբեր դեպքեր են եղել։ «Բոլոր այդ մարդիկ վերականգնվելու են, ստանալու են կոմպենսացիաներ այն կորուստների դիմաց, որոնք ունեցել են։ Իսկ այն մարդիկ, որոնք հրամաններ են ստորագրել ապօրինի ազատման, պատժվելու են»,–ասաց նա։